Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Կրկնակի բլեֆ

Կրկնակի բլեֆ
28.06.2026 | 20:13


Հրեական «ջոկեր»՝ իսրայելաթուրքական «պոկերում» հունիսի 26-ի հրապարակմանս մեկնաբանություններից մեկում այսպիսի դիտարկում էի արել. «Շատ ավելի կեղտոտ խաղ կլինի, եթե հրեաներն այս անգամ «կրկնակի բլեֆի» դիմեն՝ ճանաչեն Ցեղասպանությունը: Հայերս դրանից ոչինչ չենք շահի, իսկ այ տարածաշրջանը նորից կարող են ներքաշել պատերազմի մեջ»:
Իսրայելի նախարարների կաբինետն այսօր արեց այդ «կրկնակի բլեֆը»՝ միաձայն հավանություն տվեց երկրի թիվ մեկ դիվանագետ Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախաձեռնությանը: Հերթը խորհրդարանինն է: Կհաստատի՞ Կնեսետն այս առաջարկը: Եռակի բլեֆ կլինի, եթե չհաստատի: Քառակի բլեֆ՝ եթե հաստատի: Այսինքն, և՛ արդեն կայացած առաջին ու երկրորդ, և՛ դեռևս սպասվող երրորդ ու չորրորդ դեպքերում միակ հաստատուն բանը, որ կարելի է արձանագրել, բլեֆն է՝ անսպասելի մոլորեցնող քայլով դիմացիններին հանկարծակիի բերելու և կատարված փաստի առաջ կանգնեցնելու ճարպիկ հաշվարկը: Ինչ-ինչ, բայց օգուտն ու վնասը, շահն ու կորուստը հաշվել-հաշվառել-հաշվարկելու գործում հրեաներն իրոք անգերազանցելի են: Աշխարհաքաղաքական «պոկերի» այս խճճված շրջափուլում հրեաները նման ռիսկային «բլեֆի» չէին դիմի, եթե նախապես և շատ մանրակրկիտ հաշվարկած չլինեին բոլոր սպասելի ու ենթադրյալ զարգացումները:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան այսօր Մերձավոր Արևելքում դիրքավորվում է որպես մահմեդականների շահերի թիվ մեկ պաշտպան և գլխավոր խաղաղասեր՝ մեղադրելով Իսրայելին ռազմատենչ ու ցեղասպանության հետամուտ քաղաքականության մեջ: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու այս նախաձեռնությամբ Իսրայելը նպատակ ունի մաքրվել դեռևս չդաջված այդ խարանից՝ կրկին «թարմացնելով» աշխարհի հիշողությունը հարյուրամյա վաղեմության դեպքերով և սլաքն ուղղելով բուն խարանակրի կողմը:
Անկարայի պատասխանը, բնականաբար, չի ուշանալու, մնում է ենթադրել, թե ինչպիսին կլինի այն՝ դիվանագիտորեն քողարկվա՞ծ, թե՞ հակահարվածի բաց սպառնալիքով:
Առավել ծանր է, սակայն, Հայաստանի օրվա իշխանությունների վիճակը: Այն իշխանությունների, որոնք հասցրել են արդեն հայտարարել, թե իրենց արտաքին քաղաքական օրակարգում Ցեղասպանության թեման առաջնահերթություն չէ, և դեռ պարզել է պետք՝ ովքեր էին Օսմանյան կայսրությունում ջարդերի իրական շահառուները: Պատկերացնել կարելի է, թե ինչ հիմար վիճակում կհայտնվեն սրանք, եթե Կնեսետն էլ կողմ քվեարկի կառավարության նախաձեռնությանը: Ոչ այն է պաշտոնապես արձագանքեն, ոչ այն է լռեն: Պաշտոնապես արձագանքել, նշանակում է շնորհակալություն հայտնել Իսրայելի իշխանություններին, ինչը խիստ կզայրացնի Էրդողան էֆենդուն՝ կանխատեսելի հետևանքներով: Չարձագանքել, կնշանակի արհամարհել Իսրայելի «պատմական քայլը», իսկ սա արդեն Նեթանյահուին է ափերից հանելու:
Ոչ պակաս աննախանձելի վիճակում է հայտվելու նաև Ալիև Իլհամը՝ Էրդողանի «կրտսեր եղբայրն» ու Նեթանյահուի մերձավոր դաշնակիցը: Քննադատի վերջինիս՝ կզրկվի ռազմական (և ոչ միայն ռազմական) աջակցությունից, չքննադատի՝ կկորցնի «եղբոր» բարեհաճությունը (և ոչ միայն բարեհաճությունը):
Փաստորեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ Իսրայելը կարող է վիժեցնել Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական կոսմետիկ «քիրվայությամբ» հաստատված բուտաֆորիկ խաղաղությունը, որի կնքահայրն էլ Դոնալդ Թրամփն է: Այն նույն Թրամփը, որին հրեական ազդեցիկ շրջանակները ներքաշեցին իրանյան պատերազմի մեջ, և որը, այլ ազդեցիկ շրջանակների դրդմամբ, մենակ է թողնում իսրայելցիներին այդ նույն պատերազմում:
Ահա այսպիսի բազմավեկտոր «պոկեր»՝ «Հայոց ցեղասպանության ճանաչում» կոդային ձևակերպմամբ, որ կողմերից մեկի ձեռքին դարձել է «ջոկեր»՝ հաղթանակ կորզելու ռեալ սպասելիքով:
Դե ի՞նչ, մենք էլ սպասենք Կնեսետի վճռին, թեև, առանց դրա էլ, ապացուցված ճշմարտություններ կան, որ չարժե կասկածի մաղով անցկացնել. երբ թշնամուդ դաշնակիցն է ստանձնում շահերիդ պաշտպանությունը, սեփական շահդ էլ է սկսում աշխատել քո դեմ:

Լիլի Մարտոյան
Դիտվել է՝ 168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ